ՄՊՎ բաժնի նորություններ
Ընդգրկուն դասընթացներ` ՍԶ տարբեր խմբերի զինծառայողների համար
2021 թ․ ընթացքում ՀՀ ԱԱԾ ՍԶ մասնագետների պատրաստման և վերապատրաստման բաժնի բազայի վրա իրականացվել է (նորակոչիկների) պարտադիր ժամկետային զինծառայողների ընդհանուր պատրաստություն։ Պարապմունքներն անցկացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի և այլ ստորաբաժանումների մասնագիտական խմբերի հետ համատեղ՝ համապատասխան նյութերի, ցուցադրական պարապմունքների և պրակտիկ վարժանքների միջոցով։
Բաժնի բազայի վրա ձևավորված ուսումնական կետերում հատուկ մասնագիտական պատրաստում են անցել 125 ժամկետային զինծառայող՝ արագ արձագանքման բաժին` 50 զինծառայող, սահմանային վերահսկողության ստորաբաժանումներ` 25 զինծառայող, կապավորներ` 20 զինծառայող, սանհրահանգիչներ` 15 զինծառայող և խոշոր տրամաչափի զենքերի մասնագետներ` 15 զինծառայող։
Սահմանապահ զորքերի տարբեր խմբերի զինծառայողների հետ անցկացվել են դասընթացներ սահմանապահ զորքերի մարտավարության, սահմանային վերահսկողության ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության, հասարակական-պետական պատրաստության, իրավական պատրաստության և այլ ուղղություններով։ Մասնագիտական առարկաներից զատ սահմանային վերահսկողության ստորաբաժանումների զինծառայողների հետ անց են կացվել անգլերենի և ռուսերենի սկզբնական հաղորդակցման դասընթացներ։
Համագործակցության շրջանակներում ուսումնական գործընթացներում ներգրավվել են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունների համապատասխան աշխատակիցները։
Փորձի փոխանակման նպատակով Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ հրավիրվել են միջազգային փորձագետներ, որոնք դասընթացներ են անցկացրել «Կիրառական հոգեբանություն», «Անդրսահմանային կազմակերպված հանցավորություն», «Փաստաթղթերի անվտանգություն», «Մասնագիտական էթիկա» և այլ թեմաներով։